Թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի վիճակը գիշերը կտրուկ վատացել է. նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց


Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. ժամը 3-ի սահմաններում՝ նիստը վերսկսելուց կարճ ժամանակ անց, 50-ամյա Հովսեփյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովսեփյանի պաշտպան Գոռ Գեւորգյանն ասել է, որ տեղի ունեցածը հավանաբար նրա սթրեսային վիճակից է. «Նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի, շաքարի թիվը շատ բարձր է, երեւի այդ չքնած, սթրեսային վիճակից ընկավ ցնցումների մեջ, դողում էր, ծայրահեղ վատացավ, շտապօգնությունը եկավ, ճնշումը չափեց, շատ բարձր էր, թթվածին միացրին, ներարկումներ արեցին, նոր պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց»: Ըստ պաշտպանի՝ այդ պահին գիտակցությունը մթագնած էր, հիմա, ինչպես հարազատներն են նրան տեղեկացրել, ներարկումների արդյունքում գիտակցությունը վերականգնվել է, շնչում է ինքնուրույն. «Ես դեռ չեմ հանդիպել, բայց ներարկումների, սիստեմաների տակ է, բուժզննում է անցնում պատճառները պարզելու համար»:

Մեր հարցին՝ դեռեւս պարզ չէ՞՝ արդյոք նրան հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ լինելու, պաշտպանը պատասխանեց. «Դե, հիմա պառկած է, հետազոտություններ է անցնում, բայց կոնկրետ արդյունք դեռեւս չունենք»:

Գոռ Գեւորգյանի խոսքով՝ վիճակը բարելավվելու դեպքում դատարանին կտեղեկացնեն, որպեսզի նիստ նշանակվի, եւ շարունակվի միջնորդության քննությունը: Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն երեկ մեղադրանք էր առաջադրել Հովսեփյանին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին:

Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 1-ի կեսգիշերնանց, ուստի նրա ձերբակալման 72 ժամն այս գիշեր լրացել է. փաստացի, նա ազատ է արձակվել արգելանքից:

Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ընկած հատվածում Հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին: Դրանց մի մասը Արմավիրում էր, մյուս մասը՝ Երեւանում: Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Արմավիրի եւ Երեւանի դեպքերն իրար հետ փոխկապակցված չեն. Արմավիրի բնակիչների թունավորման նախնական պատճառը օղու մեջ մեթիլ սպիրտի մեծ քանակությունն էր, որը հաստատվեց նաեւ փորձաքննությամբ, իսկ Երեւանի բնակիչների թունավորման պատճառը՝ բժշկական սպիրտը: Երեկ 1 դեպք էլ արձանագրվել է Կոտայքի մարզում. դեռեւս չի նշվել, թե դա կոնկրետ որ դեպքի հետ է փոխկապակցված: