Ucom-ը դիմել է Վարչական դատարան


Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի։

Ընկերությունը դատարանից պահանջում է վերացնել հանձնաժողովի` 2020թ–ի հուլիսի 9-ի թիվ 282-Ա որոշումը, որով ՏՄՊՊՀ–ն թույլատրել էր «Թիմ» և Veon Armenia ընկերությունների համակենտրոնացումը։

Այս մասին Sputnik Armenia-ն տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքից: 

Հրապարակված տեղեկատվության համաձայն` դատարանը վարույթ է ընդունել Ucom–ի հայցադիմումը և այն մակագրել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։

Դատական նիստի օրն առայժմ անհայտ է։

Հիշեցնենք` հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր Veon Armenia ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում Veon Armenia ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։