Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը դադարեցնի կրակը. Ալիև

Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է ria.ru-ն: 

«Մենք պատրաստ ենք այսօր դադարեցնել։ Ես այդ մասին ասել եմ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում բանակցությունների ընթացքում։ Ընդամենը անհրաժեշտ է, որ Հայաստանը դադարեցնի կրակը։ Իսկ հետո դիվանագետները պետք է աշխատեն»,- ասել է Ալիևը և պարզաբանել, որ Հայաստանը պետք է ճանաչի հակամարտության կարգավորման սկզբունքները, որոնք սահմանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Ադրբեջանը, ըստ այդ երկրի նախագահի, արդեն ընդունել է դրանք։ «Դրանից հետո կվերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ալիևը։

Նա մեղադրել է Նիկոլ Փաշինյանին «խաղաղ գործընթացը քանդելու» համար։ «Կարծում եմ ՝ եկել է քաղաքական կարգավորման հասնելու ժամանակը», – ասել Ալևը ՝ նշելով, որ ստատուս քվոն և շփման հին գիծն այլևս գոյություն չունեն, ի հայտ է եկել նոր իրողություն: