Ազովի ծովում պայթած տանկերը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին

Ազովի ծովում փրկարարական գործողություն է ընթանում օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի Palmali ընկերությանը պատկանող «Գեներալ Ազի Ասլանով» տանկերի վրա պայթյունից հետո: Այս մասին РБК-ին հաղորդել են «Ռոսմորեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում:

Դեպքի մասին տեղեկությունը ստացվել է հոկտեմբերի 24-ին, ժամը 18:40-ին՝ երկրորդ տանկերում պայթյուն է տեղի ունեցել: «Նավը շարժվում էր դեպի Դոնի Ռոստով, մինչ այդ անցնելով Կերչի նեղուցով, այն արդեն ելքի մոտ էր, անմիջապես Ազովի ծովում»,- հայտարարել է «Ռոսմորեչֆլոտը»:

Նավի անձնակազմը բաղկացած է 13 մարդուց, նրանցից տասին փրկել է մոտակայքով անցնող «Սիրիուս» շոգենավը: Փրկարարները որոնում են երեք անձանց, ովքեր նավից դուրս են հայտնվել: Միեւնույն ժամանակ, նավի վրա հրդեհ չի բռնկվել, այն մնում է ջրի վրա: Դեպքի վայր են ժամանել փրկարարական երեք՝ «Մերկուրի», «Իմպուլս» եւ «Ալեքսանդր Սիզոնցեւ» նավերը:

Ըստ Vessel Finder ծառայության, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել նավի շարժմանը, «Գեներալ Ազի Ասլանով» տանկերը Կերչից ուղեւորվում էր դեպի Դոնի Ռոստով, ուր պետք է ժամաներ հոկտեմբերի 25-ին, ժամը 6:00-ին:

Որպես նավի սեփականատեր նշվում է թուրքական Palmali Shipping Agency ընկերությունը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին: Տանկերը  կառուցվել է Թուրքիայում՝ 2005 թվականին, այն նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո: Նավի հիմնական նավահանգիստը Տագանրոգն է: