Մեզ են հասնում լուրեր
առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում
է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ
բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,
- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,
- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,
- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։
«Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու
համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։
Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը
ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ
ռազմագերիներին։
Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս
ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի
գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած
թույլատրելի սահման։
Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին»
1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝
- Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն
պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից,
վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից:
- Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և
պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:
Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝
Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած
հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի
մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից,
այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան
Կոնվենցիայով կապված:
Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված
տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի
դրույթները):
Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։