«Ժողովուրդ» օրաթերթը գրում
է. «Նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների եւ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից: Մեր
տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել
վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին, մեր
տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական
պատասխաններ, եւ վարչապետը խոսել է նաեւ այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու
այդպես ստացվեց:
Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել
անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյանը մանրամասնել է, թե այդ
տարածքները, որտեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են
ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, եւ այնտեղ կարող են որոնողական
աշխատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ
Փաշինյանը նաեւ անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ
աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու
համար:
Հանդիպումը, սակայն, միայն Փաշինյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել, եւ նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, լսել նրան, սակայն կրկին դժգոհ մնացել: Երեկ էլ ծնողների մեկ այլ խումբ է հանդիպել ՀՀ վարչապետին, եւ վերջինս արդեն հայտարարել է, թե որոնողական աշխատանքները մեկնարկել են»: