Ինչ հիվանդության մասին կարող է վկայել լեզվի կարմրությունը

Հարթ, հաստացած եւ կարմրած լեզուն կարող է վտանգավոր հիվանդության ախտանիշ լինել, կարծում են Սրտի, թոքերի եւ արյան ամերիկյան ազգային ինստիտուտի մասնագետները (NHLBI):

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով NHLBI-ի կայքին, հայտնում է, որ լեզվի կարմրությունը կարող է լինել B12 վիտամինի անբավարարության նշան, որի պակասը մեծացնում է պակասորդային անեմիայի զարգացման ռիսկը: B12 վիտամինը օրգանիզմին անհրաժեշտ է առողջ էրիթրոցիտների արտադրության եւ նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

Այս վիտամինի անբավարարությունը կարող է նաեւ հանգեցնել նյարդերի վնասման, եւ ձեռքերի ու ոտքերի ծակոց եւ թմրություն, մկանների թուլություն եւ ռեֆլեքսների կորուստ առաջացնել: Մասնագետների կարծիքով՝ այս վիտամինի անբավարարություն ունեցող մարդը կարող է իրեն անկայուն զգալ, կորցնել հավասարակշռությունը եւ խնդիրներ ունենալ քայլելիս:

Ավելին, վիտամին B12-ի խիստ պակասը կարող է առաջացնել նյարդաբանական խնդիրներ, այդ թվում գիտակցության խառնաշփոթ, տկարամտություն, դեպրեսիա եւ հիշողության կորուստ:

Այս վիտամինի անբավարարության այլ ախտանիշներ կարող են լինել սրտխառնոցն ու փսխումը, այրոցը, փքվածությունը, փորկապությունը կամ լուծը, ախորժակի եւ քաշի կորուստը: Վիտամինի պակասի նշաններ հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Նշենք, որ B12 վիտամինով հարուստ է տավարի միսը, լյարդը, թռչնամիսը եւ ձուկը, ձուն, կաթը, մածունը եւ պանիրը։