Կառավարությունն ավելացնում է դատավորների թիվը


Կառավարությունը հունվարի 14-ի նիստին որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին և անհետաձգելի համարելու մասին։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գործադիրի անդամներին ներկայացրեց, որ նախագծի համաձայն երկու ենթամասնագիտացում է ներդրվում՝ մինչդատականն վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտն ու կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը։

«Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությանը, կալանքի միջնորդություններ, խուզարկության թույլտվության միջնորդություններ և իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը գնում։ Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումը անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից բխում է նաև, որ պետք է ներդրվեր մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների քննության մասով, կրկին՝ դրանց քննության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու նպատակով»,-ասաց նախարարը։