Պուտինը կարևոր հանձնարարական է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները: Այս մասին նա ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Նախագահի խոսքով ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախկինում զեկուցել է, որ «ոչ միայն կատարվել են խոստացված բոլոր ստանդարտներն ու ծավալները, այլ նաև գերազանցվել է պատվաստանյութերի ծրագրված արտադրությունը»:

«Մենք պետք է անցնենք լայնածավալ պատվաստումների», - հորդորել է նախագահը:

Այս առնչությամբ Պուտինը կառավարության անդամներին հանձնարարել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ և աշխատանքային գրաֆիկ:

«Փառք Աստծո, մեր պատվաստանյութը տեղափոխելու համար որևէ արտակարգ պահանջ չկա, ինչպիսիք են մինուս -50, մինուս -70 աստիճան ջերմային պայմանները: Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է աշխատում», - նշել է նա:

Ի պատասխան կարգադրությանը՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ իշխանությունները պատրաստ են պատվաստումները սկսել հունվարի 18-ից:

Նրա խոսքով՝ չնայած արձակուրդներին, երկրում բնակչության պատվաստումները շարունակվել են և շարունակվում են ինչպես ծրագրված էր:

«Հունվարի 11-ից 14-ը ՌԴ-ում մոտ 600 հազար դեղաչափեր կմատակարարվեն տարածաշրջաններ, և մատակարարումները մեծացնելու աշխատանքները կշարունակվեն»,- խոստացել է Գոլիկովան: