
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի
մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզի
սահմանային միջավայրի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակը և անվտանգության
ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Սյունիքի մարզի
խնդիրներին, և մենք այսօր պետք է քննարկենք հարցերի բավական լայն շրջանակ: Հայտնի
իրադարձությունների բերումով Սյունիքի սահմանային միջավայրն էական փոփոխություններ
է կրել, և այսօր պետք է քննարկենք այն միջոցառումները, որ իրականացվում են
Սյունիքի հատվածում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար,
պետք է քննարկենք մինչ այժմ իրականացված աշխատանքները և թե ինչպես պետք է
շարունակենք այդ աշխատանքները ու ինչ ուղղությամբ: Իհարկե, շատ կարևոր են
սոցիալ-տնտեսական, կոմունիկացիոն խնդիրները, կարևոր են նաև բնապահպանական
խնդիրները, և հարցերի բավական լայն շրջանակ ունենք քննարկելու:
Բազմիցս եմ առիթ ունեցել ասելու, որ Սյունիքը համարում
եմ մեր պետականության ողնաշարը, և մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք
Սյունիքում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար՝ ոչ միայն
Սյունիքում, այլև ամբողջ հանրապետության տարածքում, բայց Սյունիքն այս առումով
ունի առանձնահատուկ նշանակություն: Նաև պետք է քննարկենք, թե ինչ սոցիալական և
տնտեսական ծրագրեր ենք իրականացնելու այն համայնքներում, որոնք սահմանային նոր
կարգավիճակ են ստացել՝ ըստ էության, հայտնվել են սահմանային բնակավայրերի
կարգավիճակում: Եվ այսօր կկայացնենք որոշումներ, ձեռք կբերենք
պայմանավորվածություններ և կպայմանավորվենք նաև դրանց հետագա իրականացման ընթացքի
վերաբերյալ»:
Վարչապետին զեկուցվել է Սյունիքի սահմանամերձ
համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի
տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման
գործընթացի և հարակից այլ խնդիրների լուծման ընթացքի մասին:
Արձանագրվել են ընթացիկ արդյունքները, քննարկվել են
դեռևս առկա խնդիրների հնարավոր լուծումները և հետագա անելիքները՝ ճանապարհային,
հաղորդակցության ենթակառուցվածքների բարելավման, սոցիալ-տնտեսական խնդիրների
լուծման և այլ ուղղություններով:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է գործընթացում
ներգրավված պատասխանատու մարմիններին՝ արդեն իսկ ձեռնարկվող միջոցառումները,
ինչպես նաև խնդիրների գույքագրման և լուծման աշխատանքները շարունակել
միջգերատեսչական աշխատանքային խմբի շրջանակում, որն օպերատիվորեն կարձանագրի
պրոբլեմները և լուծումներ կտա: