Հունվարի 9-ի կեսգիշերին
Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր
դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի
բաժին երկու ահազանգ ստացվեց: Մի հիվանդանոցից հայտնում էին, որ կոնքազդրի
կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական
տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել էր անծանոթ անձը: Մյուս
ահազանգը մեկ այլ հիվանդանոցից էր. որովայնի կտրած-ծակած վերքով 27-ամյա տղամարդու
էին բուժհաստատություն տեղափոխել, որը վնասվածքը դարձյալ Նոր Նորքում էր ստացել՝
իբր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում
քրեական հետախույզները պարզեցին, որ Գայի արձանի հարևանությամբ մի խումբ անձանց
միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նոր Նորքի 5-րդ
զանգվածում բնակվող 27-ամյա տղամարդը, որն իբր ընկնելու հետևանքով էր վնասվածքը
ստացել, իրականում դանակահարել էր 23-ամյա երիտասարդին, նրա ընկերն էլ, որ
Մոլդովական փողոցի 19-ամյա բնակիչ է, 27-ամյա տղամարդուն էր դանակահարել։
Բացատրական աշխատանքի արդյունքում 19-ամյա երիտասարդը
հունվարի 10-ին ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական
բացատրություն։
Վնասվածքներ էին ստացել նաև վիճաբանության այլ
մասնակիցներ։
Հանգամանքները պարզվում են։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակները հայտնաբերելու
ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։