«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում
երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ
հայտնաբերվել են կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի
ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։
Մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ
մեքենաները պատկանում են քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին,
որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են
«Թոխմախի» գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:
«Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի
ստորագրումից հետո անվտանգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ
քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ստեփանյանը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի
մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։
Մեր տեղեկություններով՝ կրակոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպառնալիք է համարել իր անվտանգությանն ուղղված։ Սակայն մեզ տեղեկացրին, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։ Այս շրջանակներում լկտի պահվածքը չեն հանդուրժում»: