Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում: Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան, որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը: Այս մասին գրում է Forrights.am-ը:
Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու
հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի
ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ
զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության
ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին
նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում
տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո
նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի
դիրքը պահելը պատիվ է»,-ասել է նա:
Մնացին մենակ՝ ձորի
բերանին
Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը»
ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս
ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ
Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների
անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա
կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին
տեղափոխեցին այլ դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան
հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին
չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան,
դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող
ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:
Հանել միայն
վիրավորներին, դիերին թողնել
Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր
սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի, նրանց թվում
Վահագը, Ազնիվը, Արսենը, Արգիշտին, Վարդանը առավոտյան 6 անց տաս ընդունել են
մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի
հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ
տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Արսենն է զոհվել: Հետո եկել է
հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ
է գնում: Ազնիվին՝ 18 տարեկան տղային, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր
վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Ազնիվը խնդրել, ասել
է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել: Զենքը թողել են մոտը,
գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով: Թշնամու
զինվորենրը եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին
կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք,
ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ
հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում
նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր
առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային,
ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել
մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու»,-ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է.
«Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է
փնտրել նրա մարմինը:
Դիակը՝ որպես վալյուտա
Վահագի մահվան լուրը հարազատները ստացել են հոկտեմբերի 18-ին, նրա
ընկերներից: Ու սկսվել են ընտանիքի ամենածանր օրերը: Հիվանդանոցներում, մորգերում
անարդյունք փնտրտուքից հետո հայրը որոշել է գնալ արդեն ադրբեջանական ուժերի ձեռքին
գտնվող այն բարձունքը, որտեղ զոհվել էր որդին: Նրան դիմավորել են զենքով, թույլ են
տվել, որ գնա ձորի բերան: Նույնիսկ տեղն են ցույց տվել, թե որտեղ կարող էր դի
լինել թաղված: Հայրը փորել ու զինվորական սապոգ է տեսել: Հանել է գլուխը կտրած,
թևը պոկած մարմին: Ազերիներն իրեն ասել են. «Դին վերցու ու գնա, թե չէ քեզ էլ ենք
այսպես անելու»: Վերցրել ու գնացել է: Հետո պարզվել՝ Արսենի մարմինն էր: Հրաչյան
զանգել է Արսենի քեռուն: Ասել է՝ ձեր դին բերել եմ:
Մի քանի օրից կրկին գնացել է բարձունք: Էս անգամ՝
եղբայրներով: Հայկական կողմի հետ պլան են մշակել: Կապ են տվել
ադրբեջանցիներին, ասել են՝ մենք ձերոնցից մի դիակ ունենք, թողեք, էս մարդը
գա, իր որդուն գտնի, ձեր դիակը տանք ձեզ: Էն կողմից պատասխանել են՝ մեկը չեք
տալու, երկուսն եք տալու, որ թողենք, մտնեք: Մերոնք դեմ չեն եղել, բայց իրենք էլ
են պայման դրել՝ երկուսը տանք, փոխարենը երեք դի տվեք: Այսպես էլ բարիշեցին:
Սակարկության ավարտին, դիակները տվին-առան, ու Վահագի հայրը նորից մտավ բաղձալի
բարձունքի տարածք:
Նրան մոտեցել են առանց զենքի՝ մայոր, գնդապետ, զինվոր, թարգմանիչ,
մի մեծ խմբով: Ասել են. «Էս ամբողջը մեր տարածքն է: Ձեզ զինվոր է պետք, զինվոր ենք
տալիս, բահ է պետք, բահ ենք տալիս, պետք է՝ մենք էլ ձեզ հետ կգանք, կօգնենք ամեն
ինչով: Փնտրեք ու գտեք ձեր երեխուն, մենակ թե մինի վրա չպայթեք: Ամբողջ օրը ձեր
տրամադրության տակ է»:
Ռուսերեն են խոսել ադրբեջանցիները: Նրանցից մեկը ասել
է. «Գիտեք, մեզ հաճել՞ի է էս ամենը: Երանի, էն օրերը, որ մենք իրար հետ дружно
ապրում էինք: Մի գուցե, կգան էլի էդ օրերը»: Իսկ գնդապետը տմբտմբացրել է Հրաչյայի
ուսը. «Քո շեխիդին դու գտնելու ես: Քո տղան շեխիդ ա եղել: Մենք շեխիդներին սրբի
պես ենք պահում ու հարգում: Ման արի, անպայման կգտնես»: Ու ման են եկել
եղբայրները: Ու զինվորների մասունքներ են գտել՝ ծնոտ, թև, ոտք: Ասել են. «Մի քանի
ընտանիքի մասունք ա: Տանենք, իրանց տանք: Թող իրենք էլ թաղեն իրենց երեխեքին»:
Վահագն Հովակիմյանի
մարմինը բարձունքում չի եղել:
Նրան գտել են Ստեփանակերտի դիահերձարանում, երբ լուր են ստացել, որ
հունվարի 6-ին դիահերձարան երեք մարմին են բերել՝ երկուսն անճանաչելի են, մենակ
ոսկրերն են մնացել, մեկը՝ պահպանված: Պահպանված մարմինը Վահագինն էր: «Հովակիմյան
Վահագն Հրաչյայի»,- կարդացել են գրպանի փաստաթղթերում: Չոքել են, լացել են, ու նոր հասկացել են, որ Վահագին շեխիդի պես են թաղել՝ սրբորեն ու պատվով
հանձնել են հողին: Անգամ Աստվածաշունչն են թողել գրպանում:
Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին: Սույն հրապարակման հիմքը նրա հարազատների` Forrights.am-ին հայտնած տեղեկություններն են: