
«Ժողովուրդ» թերթը գրում
է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն
ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի
ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում,
Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կոմիտեում,
պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն
Հակակոռուպցիոն կոմիտեին:
Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից․ կենտրոնի աշխատակիցների քանակը
լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր: Հակակոռուպցիոն
կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ
հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1
միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝
շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն
դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար:
Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի
650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության
համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է
300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների
մեջ անհավասար մրցակցային միջավայր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղեկավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»: