
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը
հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից պատերազմի դադարեցման եռակողմ
հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել
հայտարարությամբ՝ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության և միջազգային
հումանիտար իրավունքի խախտումների վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք
հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի
մասին հայտարարել է եկել Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ադրբեջանի իշխանությունների այս
գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի
հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն
իրականացրել է միջազգային իրավունքի լայնածավալ և համակարգված խախտումներ, որոնց
զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական
հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է
ենթարկվեն պատասխանատվության:
Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը
հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ
հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը
հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:
Հարկ է նշել, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել
էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի
հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել
Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ:
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ
քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ
մեկ ամիս հետո, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ
ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:
Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար: