Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը. ANCA


Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին, նշված է գրասենյակի Twitter-ի միկրոբլոգում։

«Զգուշացում. Ջո Բայդեն, Էնթոնի Բլինկեն/ Պետդեպարտամենտ. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը»,-գրված է թվիթերյան հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը խոչընդոտելու համար:

«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», – ասել է Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում և հավելել, – «Պատերազմի հետևանքներից մեկը, իհարկե, Զանգեզուրի միջանցքն է, որն այսօր քննարկման առարկա է դարձել: Զանգեզուրի միջանցքը պատմական նվաճում է: Այն փաստը, որ այս հարցն արտահայտված է եռակողմ հայտարարության մեջ, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է: Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի գործունեության ուղղությամբ, կան բազմաթիվ առաջարկներ, տրանսպորտային և կապի բազմաթիվ նախագծեր արդեն իսկ քննարկվում են, և դա մեր հաջորդ պատմական հաջողությունը կլինի»: