
Քաղաքական
իրավիճակը Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ անորոշ է. մինչ այս պահը Գլխավոր շտաբի
պետ չի նշանակվել, ինչը շարունակում է տարաձայնություններ առաջացնել Նիկոլ Փաշինյանի
և նախագահ Արմեն Սարգսյանի միջև: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական
իրավիճակին:
Ինչպես նկատում է գործակալությունը, քաղաքական ուժերը
մինչև հինգշաբթի 18:00-ն պետք է կողմնորոշվեին՝ մասնակցելու են արդյոք մարտի 13-ին
նախատեսված հանդիպմանը՝ քննարկելու ճգնաժամից դուրս գալու ելքերը, թե ոչ, սակայն ընդդիմության
արձագանքը միանշանակ չի եղել: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը
հայտարարել է, որ պատրաստ է շաբաթ հանդիպել երկրի նախագահի, վարչապետի և այլ քաղաքական
առաջնորդների հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ընդգծել
է, որ կուսակցությունը «պատրաստ է մասնակցել ցանկացած քննարկման, որում հնարավոր կլինի
վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնել:
«Հանուն հայերնիքի փրկության» ընդդիմադիր շարժումը նույնպես
պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ, սակայն միայն Փաշինյանի հրաժարականի հարցը քննարկելու
համար և հանդիպման ուղիղ հեռարձակման պայմանով: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի
խոսքով՝ ընդդիմության օրակարգի համաձայն՝ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձևավորվի
ժամանակավոր իշխանություն, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի:
Փաշինյանը ողջ օրը լռություն է պահպանել և չի պատասխանել
Սարգսյանի հրավերին: Թեև դրա համար նախատեսված ժամկետն ավարտվել է, հանդիպման անցկացման
մասին հարցը բաց է մնում:
Գործակալությունը հիշեցնում է, որ նախագահը կրկին մերժել
է Փաշինյանի` Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու առաջարկը, ինչից հետո Փաշինյանը
կրկին և «հիմնավորումներով» նախագահին է ուղարկել առաջարկը, որը նորից մերժվել է:
Աղբյուրը նշում է նաև, որ հինգշաբթի Հայաստանի Քննչական
կոմիտեն ավարտել է «Հանուն հայրենիքի փրկության» շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանի
դեմ բացված քրեական գործի նախաքննությունը, որին մեղադրում են սահմանադրական կարգը
տապալելու կոչեր հնչեցնելու մեջ:
«Մայրաքաղաքի փողոցներում հինգշաբթի անդորր էր տիրում:
Երկրի խորհրդարանի մոտ շարունակում է գործել ընդդիմության վրանային ճամբարը: Հանրապետության
հրապարակում՝ կառավարության տան մոտ իրավիճակը նույնպես հանգիստ էր: Շենքը հսկում են
ոստիկանական ջոկատները, ընդդիմության ճամբարի մոտ ևս հերթապահում են ոստիկանները»,-
եզրափակում է աղբյուրը: