Կոչ եմ անում զարգացնել կապը Հայաստանի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Էրդողանի արձագանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ուղերձին, ինքն էլ իր հերթին ուղերձ է հղել Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին: Տեքստը հրապարակել է «Anadolu»-ն։

«Մեր ժողովուրդները դարեր շարունակ խաղաղ ապրել են այս հողերում: Մենք չպետք է թույլ տանք, որ մոռացվի թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրամյակների ընթացքում և օրինակ է համարվել ողջ մարդկության համար», - ասված է Էրդողանի ուղերձում։

Թուրքիայի նախագահը նշել է, որ հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին ծանր պայմաններում զոհված օսմանյան պետության հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել Թուրքիայի հայերին` երկրում այսօր ընթացող արդար պայքարին աջակցելու համար։


Էրդողանը նաև կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք հայտարարեցինք Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին: Այսօր ես կրկին կրկնում եմ այդ կոչը», - ասել է Էրդողանը։


Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։