Ռուսաստանից չեն բացառել ՀՀ-ին ԱԹՍ-ների մատակարարումը

 

Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

 «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մնալ մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու երկրների միջև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին և ամբողջությամբ»,- նշել է Ռեշետնիկովան: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը կշարունակվի հաստատված կարգով։ «Ինչ վերաբերում է նոր գործարքներ կնքելու հնարավորությանը, ապա այդ հարցերի ուսումնասիրությունը կիրականացվի պլանային եղանակով»,- հավելել է նա

ՌՏՀԴԾ-ից նաև չեն բացառել ՀՀ-ին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ «Այսօր մենք առաջարկում ենք արտահանման համար մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Օրիոն-Է» երկարատև թռիչքի հետախուզական համալիրը: Հայկական կողմից համապատասխան դիմում լինելու դեպքում պատրաստ ենք այն դիտարկել սահմանված կարգով»,- ասել է Ռեշետնիկովան: