«Իմ լույս Գոգա, զոհված տղերքին լավ կնայես». Լուիզա Ղամբարյանի գրառումն ամուսնու մասին

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը գրառում է կատարել ամուսնու՝ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանի մասին, որի մահվան մասին հայտնի է դարձել երեկ։

«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես: Իմ բարի, հանգիստ ննջիր»,- Instagram-յան էջի Stories բաժնում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ անվանի բժշկի մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ։

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Կիմի Պողոսյանը մահացել է այսօր առավոտյան ժամը 7:30-ին, սրտի կանգից: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Պողոսյանի հարազատներից մեկը։ 

Ավելի վաղ ճանաչված բժշկի մահվան լուրը Facebook-ի իր էջում հայտնել էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ 

Ազգականի խոսքով՝ մահը վրա է հասել մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ուր Պողոսյանը տեղափոխվել էր 20 օր առաջ կորոնավիրուսի պատճառով։

«Կարելի է ասել, որ նա հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն շարունակում էր մնալ բժիշկների հսկողության տակ։ Առավոտյան նրա սիրտը կանգ է առել», - ասաց Պողոսյանի ազգականը։

Նա նաև նշեց, որ Գեորգի Պողոսյանը տառապում էր սրտանոթային հիվանդություններով։ Վերջին տարիներին նրա սրտի վրա կարդիոստիմուլյատոր էին տեղադրել (օգնում է կարգավորել սրտի սինուսային ռիթմը, -խմբ.)։ 

Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։ Նրա առաջին կինը եղել է պարուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր պարուհի Սոֆի Դևոյանը։ Երկրորդ անգամ ամուսնացել էր դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ։ Երկրորդ ամուսնությունից ուներ մեկ դուստր։