Մոսկվան ընտություններին չի աջակցի Փաշինյանին

Ռուսական Свободная Пресса հրատարակությունը հոդված է հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանի երեկվա մոսկովյան այցի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համատեքստում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին:

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Նման եզրակացություն կարելի է անել ապրիլի 7-ին Մոսկվայում  տեղի ունեցած  Պուտին-Փաշինյան բանակցություններից: 

Բանակցությունների թեմաներն էին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին վերաբերող հարցերը, ինչն առանցքային է տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաև ռազմագերիների խնդիրը:

Քննարկման թեմա էր նաև Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորումը և, մասնավորապես, միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը:

Հարցերի մեկ այլ մեծ խումբ տնտեսականն էր: Փաշինյանը Պուտինին առաջարկել է Հայաստանում կառուցել նոր ատոմակայան, ինչպես նաև խնդրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին: Խոսվել է նաև տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորության մասին: Հայաստանի տնտեսության մեջ կապիտալ ներդրումների շուրջ 40 տոկոսը ռուսական ծագում ունեն, Փաշինյանին հիշեցրել է Պուտինը:

Ապրիլի 7-ի առավոտյան, Պուտինի և Փաշինյանի բանակցությունների մեկնարկից առաջ, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսով քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված ռազմական խնդիրները:

Մինչ զինվորականները շփվում էին, Երևանի փողոցներում կին ցուցարարները բախվել են ոստիկանության հետ: Նրանք շրջափակել էին Փաշինյանի նստավայրը, սակայն նա արդեն ինքնաթիռով մեկնել էր Մոսկվա:

Ռուսաստան այցի նախօրեին Փաշինյանը հարցազրույց էր տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, որում մեկնաբանել էր ռուս-հայկական հարաբերությունների առանցքային դիրքերը: Դրանք եղել և կլինեն Հայաստանի կառավարության գերակայությունը, խոստացել է քաղաքական գործիչը:

Փաշինյանը խոստացել է նաև երկարատև ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի հետ՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Խոսքը Սու-30 ՍՄ կործանիչների, անօդաչու թռչող սարքերի ու անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող սարքավորումների գնման մասին է: Քաղաքական գործիչը հայտարարել է հայկական բանակի լայնամասշտաբ բարեփոխման և նույնիսկ Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդեն գործող միացյալ խմբավորման ուժեղացման մասին է: Փաշինյանը իր հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբի հետ կոնֆլիկտը կարգավորված է անվանել:

Սակայն Փաշինյանի խոստումները Ռուսաստանին անհամոզիչ են թվում նրա` Ղարաբաղյան պատերազմի ընթացքում «10 տոկոսով պայթած» «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին ոչ պրոֆեսիոնալ ու նույնիսկ արհամարհական հայտարարություններից հետո: Բացի այդ, 2018-ին վարչապետ ընտրվելուց առաջ Փաշինյանը քննադատել էր ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը: Ավելին, նրա թիմի շատ անդամներ ՝ պատգամավորներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ սերտ համագործակցում են արևմտամետ Սորոսի հիմնադրամի հետ:

Չնայած հռետորաբանության պատեհապաշտական փոփոխությանը և, ամենակարևորը, Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի դրամատիկ պարտությանը, Փաշինյանն ակնհայտորեն ակնկալում է մնալ իշխանության ղեկին` վերընտրվելով հունիս ամսվա արտահերթ ընտրություններում:

«Սխալ է մտածել, որ Հայաստանի ողջ ժողովուրդը ատում է Փաշինյանին: Ես Երևանում էի մարտի 1-ին, երբ Փաշինյանի և ընդդիմության դիմակայության գագաթնակետն էր: Իշխանամետ հանրահավաքի մասնակիցները երկու-երեք անգամ ավելի շատ էին, քան Բաղրամյան պողոտան փակած ընդդիմադիրները: Ինքը՝ Փաշինյանը, Գեբելսի նման փոքր, աղմկոտ, բավականին հաջողությամբ գրավում էր կողմնակիցներից բաղկացած բազմահազարանոց ամբոխի ուշադրությունը»,- ասել է ռուս լրագրող Դմիտրի Սելեզնյովը:

Կարծես թե Կրեմլում էլ են դա հասկանում և փորձում են քաղաքական հակակշիռ ստեղծել Փաշինյանին: Այսպիսով, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է հայկական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ նախորդ շաբաթ Պուտինը և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց են ունեցել:

Հզոր ազդանշան էր Ռուսաստանի Առաջին ալիքով ցուցադրված Քոչարյանի հարցազրույցը Վլադիմիր Պոզներին: Պուտինի հետ հանդիպման մասին ուղիղ հարցին պատասխանելուց Քոչարյանը հրաժարվեց: Քոչարյանը Ղարաբաղում 1990-ականների ռազմական հաղթանակի կերտողներից  մեկն է: Այս իմաստով նա լիակատար հակապատկերն է Փաշինյանի, որի օրոք տարածքներ են կորսվել: 

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայից նախատեսվում է քաղտեխնոլոգների թիմ ուղարկել Հայաստան: Այժմ ստեղծվում է մեդիա մասնագետների թիմ, որը աշխատելու է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունների ուղղությամբ: Թե ում համար,  դեռևս անհայտ է: Մի՞թե Քոչարյանի: Գագիկ Ծառուկյանը նույնպես ամուր քաղաքական դիրք ունի հանրապետությունում և որպես երրորդ ուժ կարող է կշեռքի նժարը թեքել դեպի այս կամ այն ֆավորիտի կողմը:

«Փաշինյանի այցը Մոսկվա հետապնդում էր երկու նպատակ. առաջինը արտաքին քաղաքական էր. տարածաշրջանում իրավիճակի քննարկում, եռակողմ պայմանավորվածությունների իրականացում: Երկրորդը, բնականաբար, ներքաղաքական է: Միգուցե Փաշինյանը փորձում էր որոշակի աջակցություն ստանալ Ռուսաստանից, կամ գոնե չմիջամտելու խոստում: Նա համոզում էր Ռուսաստանին, որ եթե նա պարտվի առաջիկա ընտրություններում, դա կարող է հանգեցնել հայկական կողմից պայմանավորվածությունների մերժմանը կամ վերանայմանը, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Նա դա ընդգծում է, որպեսզի Մոսկվան ակտիվորեն չցուցաբերի իր համակրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քանի որ դա կարող է լուրջ գործոն դառնալ Հայաստանի ներքաղաքական պայքարում»,-նշել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

Խոսելով Պոզներին տված Քոչարյանի հարցազրույցի մասին, Խալաթյանը նշել է.

«Քոչարյանի հարցազրույցը Պոզներին, ինչպես նաև Պեսկովի կողմից Պուտինի և Քոչարյանի բանակցությունների փաստի հաստատումը, թեկուզ հեռակա,  ոչ անձնական ձևաչափով, ցույց են տալիս, որ Մոսկվան որոշակի համակրանքով է վերաբերվում նրան: Վերջին տարիներին, նախկին նախագահի նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում, Կրեմլը դա չէր էլ թաքցնում: Կաշառքի դեպքի առթիվ Քոչարյանի նկատմամբ շարունակվող քրեական հետապնդումը դժվար ապացուցելի է և լուրջ սպառնալիք չի ներկայացնում նախկին նախագահի համար: Դատարանում դա անկասկած կձախողվի: Եվ դա չի փակի ընտրությունների ճանապարհը Քոչարյանի համար:

Փաշինյանը ընտրություններում կարող է առավելագույնը ձայների մեկ երրորդի հույս ունենալ: Հետևաբար, նա ամեն ինչ կանի, որպեսզի որքան հնարավոր է քիչ ընտրողներ մասնակցեն: Կան շատ մարդիկ, որոնք դեմ են կառավարությանը, բայց դեռ չեն կողմնորոշվել իրենց ընտրության հարցում: Նվազագույն մասնակցությունը և գործող ընտրական օրենսդրությունը կարող են Փաշինյանին մեծամասնություն ապահովել խորհրդարանում ՝ նույնիսկ ձայների մեկ երրորդով: Հետևաբար, շատ բան կախված է ընդդիմությունից. կարո՞ղ է արդյոք այն միավորվել, արդյոք ընդդիմադիր կուսակցությունները միմյանցից ձայներ չե՞ն խլի, կկարողանա՞ն ապահովել ընտրողների չկողմնորոշված մասի ձայները»:

Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գևորգ Միրզայանի խոսքերով` Կրեմլը նպատակաուղղված աջակցություն չի ցուցաբերի Փաշինյանին ընտրությունների ժամանակ:

«Հայաստանում Ռուսաստանի շահերը կապված են ոչ թե անձերի, այլ այնտեղ տիրող իրավիճակի հետ: Մեզ կայուն, զարգացող, միացյալ Հայաստան է պետք: Ոչ թե այն պատճառով, որ մենք սիրում ենք Հայաստանը, այլ այն պատճառով, որ մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում և, որոշ չափով, Կովկասում ռուսական փափուկ ուժի ցուցափեղկ: Հիշեցնեմ, որ գոյություն ունի արևմտյան ինտեգրացիոն բլոկ՝ Վրաստան և թուրքական ինտեգրացիոն բլոկ՝ Ադրբեջան: Հետևաբար, Ռուսաստանի համար ձեռնտու է, որ Հայաստանը և Կովկասի երկրներին, և բոլորին ցույց տա, որ Ռուսաստանի հետ ինտեգրման մեջ մտնելը ձեռնտու է պետությանը:

Այս տեսանկյունից Ռուսաստանի համար Հայաստանի վարչապետի անհատականությունն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ վարչապետը հասնի այն արդյունքին, որն ուզում է Մոսկվան: Եվ այնպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող դա անել: Նա շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ռուսական ինտեգրացիոն բլոկից: Փաշինյանն աշխատում է ի շահ Արևմուտքի, որը շահագրգռված է, հատկապես Բայդենի կառավարման շրջանում ՝ տեսնել Ռուսաստանին Կովկասում իր հայկական ֆորպոստը կորցրած: Հայերը չեն սիրում այս բառը`«ֆորպոստ», բայց, այնուամենայնիվ, նրանք հենց ֆորպոստ են: Ուստի այս իրավիճակում Փաշինյանը պետք չէ Մոսկվային:

Արդյո՞ք ընտրություններին Մոսկվան խաղադրույք կանի Պուտինի անձնական ընկեր Ռոբերտ Քոչարյանի կամ Հայաստանի այլ քաղաքական գործիչների օգտին, որոնց թիվը շատ է, այլ հարց է: Բայց Փաշինյանի վրա խաղդրույք չի անի: Հատկապես «Իսկանդերի» մասին նրա վերջին հայտարարություններից հետո: Սա թույլ տված սխալ չէր, այլ նրա դիրքորոշումը: Նա ոչ միայն ցանկանում է դուրս բերել Հայաստանը ռուսական ինտեգրացիոն բլոկից, այլև Լեռնային Ղարաբաղում պարտության մեղքը գցել Ռուսաստանի վրա: Փաշինյանը հանուն հաղթանակի  չի օգտագործել այն հնարավորությունները, որոնք նրան տալիս էին ռուսական զենքը և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը:

Նա հրաժարվել էր ՀԱՊԿ-ից օգնություն խնդրել նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարվածում էր ՀՀ տարածքում գտնվող հրթիռային համակարգերի վրա, և դա խոստովանել է: Դա առիթ էր, որից հրաժարվելը հիմարություն էր: Ուղղակի հարձակումը Հայաստանի վրա ՀԱՊԿ-ին կստիպեր այս կամ այն կերպ արձագանքել, ինչը կամրապնդեր Երևանի դիրքերը, գոնե քաղաքական առումով»,-ասել է Միրզայանը:

Թարգմանությունը՝ tert.am-ի։