ՄԱԿ-ից հայտնել են մարդկությանը մոտեցող աղետի մասին

Երկրի ջերմաստիճանն անցյալ տարի ռեկորդային ցուցանիշների է հասել երեք միլիոն տարվա ընթացքում, ինչը մարդկությանը մոտեցրել է կլիմայական աղետի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Պետերբուրգյան կլիմայական երկխոսություն» համաժողովի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Անցյալ տարին դարձել է էքստրեմալ եղանակային և կլիմայական աղետների աննախադեպ ժամանակահատված»,- ասել է համաշխարհային կամակերպության ղեկավարը:


Նրա խոսքով՝ ածխաթթու գազի կենտրոնացումը մթնոլորտում թարմացրել է առավելագույն ցուցանիշը՝ 148 տոկոսով գերազանցելով նախաարդյունաբերական մակարդակը:

Գուտերեշն ընդգծել է, որ դա ամենաբարձր ցուցանիշն է երեք մլն տարվա ընթացքում, երբ Երկրի ջերմաստիճանը 3 աստիճանով ավելի բարձր էր, իսկ ծովի մակարդակը՝ բարձր 15 մետրով:

«Մենք շարունակում ենք ընթանալ ջերմաստիճանի աղետալի բարձրացման ուղղությամբ: Մենք կանգնած ենք անդունդի եզրին»,- զգուշացրել է ՄԱԿ-ի ղեկավարը:


Նրա կարծիքով՝ վատագույն սցենարը կանխելու համար մարդկությունը պետք է միավորված աշխատի՝ բռնելով զարգացման «առավել մաքուր և կանաչ» ուղին: